ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հարցին` արդյո՞ք իրենց չի մտահոգում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայությունը:
«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն այս հարցը պահում են ուշադրության կենտրոնում, այն մեզ անհանգստացնում է: Ոչ հրապարակային ակտիվ աշխատանք է տարվում, քանի որ սա մեզ համար լուրջ խնդիր է»,- ասել է նա:
Զախարովան ընդգծել է` դրանք հույսեր կամ երազանքներ չեն, կոնկրետ քայլեր են, գործնական քայլեր, իրենք շփվում են տարածաշրջանի այն գործընկերների հետ, որ ներգրավված են այս իրավիճակում:
«Մենք աշխատում ենք ինչպես արտաքին քաղաքական, դիվանագիտական խողովակներով, այնպես էլ ռուս զինվորական փորձագետներն ու հատուկ գերատեսչությունների մասնագետներն են աշխատում: Այս աշխատանքը լրացուցիչ ուշադրություն չի պահանջում, հանրությունը պետք է իմանա, որ աշխատանք տարվում է, սա կոնկրետ խնդիր է: Մենք քաջ գիտակցում ենք հնարավոր հետևանքները, չենք խոսում հրապարակային, որ լրացուցիչ ընդգծենք նրա կարևորությունը մեր երկրի համար, քանի որ հասկանում ենք ՝ ինչ հետևանքներ կբերի: Այս հարցում հրապարակային կողմը երկրորդական է»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է՝ իրավիճակը լարված է, «արյունոտ» փուլն է, զոհվում են զինվորներ և խաղաղ բնակիչներ:
«Դուք գիտեք ՌԴ դիրքորոշումը, որ հանրային լայն աջակցություն ունի՝ դադարեցնել արյունահեղությունը և անհապաղ սկսել բանակցային գործընթացը, մեր դիրքորոշումը փոփոխություն չի կրել և հետևողական է»,- նշել է նա:
--00--ԱԹ