ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Վերջին մի քանի օրվա ընթացքում 300 գրոհայիններից կազմված նոր խումբ է ժամանել Ադրբեջան: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։
«Թուրքիան դեռ փորձում է գրոհայինների հավաքագրել և ուղարկել Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ, թեև նրանց մեծ մասը հրաժարվում է պայքարել ադրբեջանական ուժերի կողքին «դավանանքի տարբերության» գործոնի և բազմաթիվ մարդկային կորուստների պատճառով»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ Ադրբեջան ժամանած գրոհայիններից ոմանք անգամ տեղյակ չեն եղել, որ ադրբեջանական ուժերը շիա համայնքի ներկայացուցիչներ են: Այդ հանգամանքը ստիպում է գրոհայիններից շատերին վերադառնալ Սիրիա:
Ըստ կենտրոնի տվյալների՝ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան ժամանած սիրիացի գրոհայինների թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը հետ են գնացել իրավիճակին ծանոթանալուց հետո:
«Սեպտեմբերի վերջից մինչ օրս սիրիացի վարձկաններից 217-ը մահացել են մարտերում, որոնցից 138-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա»,- հայտնում են կենտրոնի մասնագետները:
--00--ԱՀ