ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Դեկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մանուկ Պ․-ն է: Նա Աշտարակի կամրջից իրեն ցած է նետել։ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ազարյանի գլխավորությամբ՝ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որով ինքնասպանություն գործած տղամարդը կանգնել է Աշտարակի կամրջի վրա, ապա իրեն ցած նետել։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրը նաև հայտնում է, որ կամրջի վրա ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն կամրջի վրա և խցանում տեղի չունենա։
--00—ԼՄ