ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Նշենք, որ այս պահին Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։ «Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը», - նշեց փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։
Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։
--00--ԱԹ