ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում խորհրդարան այցելեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից
Մինչ հանդիպման պաշտոնական մասը դեսպանը ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանին գրքեր հանձնեց:
Պատգամավորը Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ բարեկամական խմբի անունից շնորհավորեց հյուրին: Նա երախտագիտություն հայտնեց Լիտվա-Հայաստան բարեկամության խմբին ռազմագերիների՝ առանց պայմանների եւ անհապաղ վերադարձին վերաբերող հայտարարության համար, որով կոչ է արվում դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, արագացնել դիակների փոխանակման գործընթացը:
«Նման հայտարարությունները կարեւոր են, դրանք բախվում են հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադառնալու համար խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի ջանքերին: Ալիեւի կողմից հնչող հետեւողական սպառնալիքները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,-ասաց Անուշ Բեղլոյանը:
Պատգամավորն ընդգծեց Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումն ամրապնդելու հարցում ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Սեյմասի միջխորհրդարանական կապերի խմբի համագործակցությունը` դադարեցնելու ապակայունացումը Հարավային Կովկասում եւ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
Խմբի ղեկավարը կարեւորեց առաջիկայում երկու խորհրդարանների բարեկամական խմբերի առցանց հանդիպման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկեցին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հետեւանքներին, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների լիակատար իրագործմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող եւ այլ հարցեր:
--0--ԿԿ