ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Բանակում կան խնդիրներ, և դրանց լուծման ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որ անվտանգային միջավայրն ամրապնդված լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Վստահեցնում եմ, որ մտահոգության առիթ չկա. Սյունիքում որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի կարող լինել և չի եղել, անակնկալի չենք գա»,- նշեց նա:
Անդրադառնալով կայանալիք զորավարժություններին` Սարգսյանն ասաց, որ դրանք միշտ հստակ խնդիր են լուծում:
«Այս պահին ՀՀ ԶՈւ վերահսկում են իրավիճակը: Խուճապային տրամադրություններ ստեղծելը որևէ կերպ օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության կամ մարտունակության ամրապնդմանը»,- ասաց Սարգսյանը:
Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ որևէ մեկն այս պահին հստակ չի կարող ասել, որ պատերազմ կլինի. եթե նման խնդիր լինի, պետությունն անհապաղ ամեն քայլ կձեռնարկի:
«Բայց դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը՝ պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Բայց այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ հաղորդելու կարիք չկա»,- ասաց նա:
--00—ԼՄ