ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Երևանում մայիսի 3-ից 9-ը կիրականացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։
Շաբաթվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ ՖԻՖԱ Հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասիմո Բուզակայի հետ։
--00—ՄՀ