ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին: Հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանում խորանում է քաղաքական, բարոյահոգեբանական ու կառավարչական ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը ժամանակավոր պաշտոնակատարների կառավարության կողմից վարվող ապաշնորհ քաղաքականութունն է, որի հետևանքները մեր պետության առաջ ծառանում են նորանոր սպառնալիքներով ու մարտահրավերներով,
անկախ քաղաքական և հասարակական այլ բնույթի հարցերով քաղաքական և հասարակական միավորների հայացքների տարբերություններից,
ելնելով պետականությունը փրկելու անհրաժեշտությունից,
սույնով պահանջում ենք՝
1. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, տրանսպորտային կամ այլ կապերին:
2. Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ կատարել երկրի պաշտպանության ապահովման սահմանադրական պարտականությունը, այդ թվում՝ ամրացնել հայ- ադրբեջանական շփման գծում դիրքերը:
3. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ ժողովրդի հետ խոսել միայն ճշմարիտ տեղեկություններով, հեռու մնալ ստահոդ լուրեր տարածելու (ստելու) քաղաքականությունից:
Վերոհիշյալ երեք պայմանների մասով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ողջամիտ ժամկետում պաշտոնական հավաստիացումներ չստանալու դեպքում, պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը:
Հ.Գ. Պահանջ-Հայտարարությունը բաց է միանալու համար»:
--00--ԱԹ