ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 11-ի վաղ առավոտյան, կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև չորսական տրակտոր և օժանդակ մեքենա (ջրատար), երկուական ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։ Սահմանվել է հերթապահություն։
Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել է, արդյունքում այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։ Հրդեհի երկրորդ օջախը մեկուսացվել է․ տարածման վտանգ չկա։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, մեկ տրակտոր, երկու բեռնատար մեքենա:
--00--ԱԹ