«Հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»․ Վարդևանյանը՝ Քոչարյանի՝ մանդատը վերցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

1

Պատգամավորն անձեռնմխելի է, պատգամավորի կարգավիճակ ունեցողն անձեռնմխելի է։ Այդ մասին դատական նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Պատգամավորն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առաջ, քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը, բնականաբար, ևս հատվում է ու բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ», - ասել է նա և հավելել, որ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը ընտրված պատգամավորի թեկնածու է, և նա պատգամավորի թեկնածուն գրեթե նույնական ռեժիմն ունի պաշտպանվածության, ինչ ընտրված պատգամավորը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Արամ Վարդևանյանը պատասխանել է. «Պահպանե՛ք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»։

Հիշեցնենք՝ հունիսի 29-ի դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ ի՞նչ կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։

«Եթե նրանք ԱԺ պատգամավոր են համարվում, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ», - ասել էր դատավորը։

--00—ԼՄ