ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգարծական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։
Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։
Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։
Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։
Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց պետականության համար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։
--00—ՄՀ