ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր՝ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպե տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից, անդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ եւ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ ռազմական կցորդներ:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է. «Վստահ եմ, որ մրցելիս թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական եւ մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության եւ խիզախության իսկական տոն եւ կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
Գեներալ-լեյտենանտ Դավթյանը հավելել է, որ միջազգային բանակային խաղերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, այստեղ տեղ չկա քաղաքականությանն ու հակասություններին, իսկ միմյանց հետ մրցելու լավագույն վայրը մարզական միջոցառումներն են:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է երգի ու պարի համույթների ելույթով:
«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների եւ Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները:
Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ եւ ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
--0--ԱՀ