ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Օգոստոսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում, թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկված երիտասարդ տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, և օպերատիվորեն ժամանել է Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, որոնք տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։
--00—ԼՄ