ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սեպտեմբերի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետերի և սակրեբուլոների /ավագանի / մեծամասնական թեկնածուներին: Այս մասին գրում է Aliq.ge-ն:
«Վրացական երազանքը» Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնում պաշտոնապես ներկայացրել է Մելքոն Մակարյանի թեկնածությունը, որն էլ իր հերթին ելույթի ավարտից հետո ներկայացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուներին:
«Ես հաստատ գիտեմ, որ առաջընթացին համընթաց մենք դեռևս կանգնած ենք մի շարք մարտահրավերների առջև: Այնուամենայնիվ, մենք ունենք հստակ տեսլական, թե ինչպես հաղթահարել դրանք: Մեր մունիցիպալիտետին անհրաժեշտ են փորձառու, արհեստավարժ, եռանդուն, գործին տիրապետող մարդիկ։ Ուստի «Վրացական երազանքը», մեր քաղաքական թիմն այլընտրանք չունի»,-իր ելույթում նշել է քաղաքապետի թեկնածուն:
Ախալքալաքից հետո Ղարիբաշվիլին Նինոծմինդայում ներկայացրել է քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Մոսոյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նինոծմինդացիներին վերջին տարիներին հաջողված նախագծեր իրականացնելու համար:
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 2-ին:
--00—ՄՀ