ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին ժամը 13:34-ին հրդեհ էր բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, քանի որ այնտեղ աճում է գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, տարածքը սակավաջուր է, ինչպես նաև առկա են ուժեղ քամիներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ,կամավոր քաղաքացիներ։
Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել։
Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423հա տարածք: Այս պահի դրությամբ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի:
Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում։
--00—ԼՄ