ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երկու երկրների գերատեսչությունների միջև գործակցությունն ամրապնդվել է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:
Մասնավորապես` համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն հանրային առողջության, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ), մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում, առողջապահական ապահովագրության ներդրման և զարգացման շուրջ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարությունը Հայաստան է գործուղել արագ արձագանքման բժշկական թիմ, որը COVID-19-ով վարակված պացիենտների բուժման համար նախատեսված բժշկական կենտրոններում օժանդակել է տեղի մասնագետներին և իրականացրել փորձի փոխանակում, ինչպես նաև տրամադրել է ՊՇՌ թեստեր, պացիենտների բուժման համար նախատեսված անհրաժեշտ սարքեր և պարագաներ:
Լիտվայի Հանրապետությունը, որպես նվիրատվություն, Հայաստանին է տրամադրել նաև 27500 դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ:
--00--ԱԹ