ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առջև խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։
«Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում և ԱՏԳ կենտրոններում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը։ «Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամակցությունը՝ պետք է ունենանք բոլոր բիզնես գործընթացների շատ մանրամասն նկարագրություն, որի հիման վրա այս խմբով կկայացնենք որոշում և վարչապետի աշխատակազմին կներկայացնենք էտալոնային մոդելներ»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ էտալոնային մոդելները ստեղծվելու են Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Յուրաքանչյուր գերատեսչություն նախ գույքագրելու է թույլատվական փաստաթղթերի տրամադրման իր գործընթացները։ Քննարկվելու է կրկնվող գործառույթների օպտիմալացման հնարավորությունը։
Այս ամենն արվում է, որպեսզի ներմուծման և արտահանման գործընթացները տնտեսվարողի համար լինեն հարմարավետ և արագ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փորձագիտական խմբի հանդիպմանը որոշվել է սեղմ ժամկետում ավարտել յուրաքանչյուր գերատեսչության մասով տվյալների լրացումը և ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագետներին, որոնք կմշակեն սահմանային անցակետերում և ԱՏԳ կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ։
--00--ԱՀ