ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար չի համարում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ թեև դա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար, բայց, այդուհանդերձ, իրավիճակն ավելի սրելու անհրաժեշտություն չկա: Տեղեկությունը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ը:
«Պետք է ասեմ, որ մեր Պաշտպանության նախարարն առաջարկ է ունեցել նույնպես այդ ջրատարածությունում չպլանավորված վարժանքներ անցկացնելու, բայց ես կարծում եմ, որ դա նպատակահարմար չէ և անհրաժեշտություն չկա ավելի սրել իրավիճակն այնտեղ: Այդ պատճառով Ռուսաստանի պաշտպանության նախարարը սահմանափակվում է միայն ինքնաթիռների և նավերի ուղեկցությամբ զորավարժություններով», - ասել է Կրեմլի ղեկավարը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ այժմ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները չպլանավորված զորավարժություններ են անցկացնում Սև ծովում:
Պուտինը դրան հավելել է, որ այնտեղ ոչ միայն նավերի բավական հզոր խմբավորում է ստեղծվել, այլև վարժանքների ընթացքում կիրառվում են ռազմական օդանավեր, այդ թվում՝ ռազմական ավիացիա:
--0--ԿԿ