ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ իշխանությունները Ռուսաստանից ակնկալում են, որ վերջինս, իբրև ռազմավարական գործընկեր, կօգնի լուծել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերջինս տեղեկացրել է, որ պատրաստվում է ՀՀ դիմումը Ռուսաստանին, որով կոչ են անում «պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը»
«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձաբար օգնել միմյանց։ Այս էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,- ասել է նա:
Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։
--00--ԱԹ