ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը նոյեմբերի 17-ին Երևանի Ագաթանգեղոսի փողոցում հետապնդել և բռնել է 21-ամյա երիտասարդի, որը խանութից 8 տաբատ էր հափշտակել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը նոյեմբերի 17-ին, ժամը 20.23-ի սահմաններում, մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ։ Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։
Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ Երևանի 21-ամյա բնակչը բռնվելուց վայրկյաններ առաջ Ագաթանգեղոսի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել էր 8 տաբատ ու փախել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուր՝ դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
--00--ՀԱ