ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
«Գալիք տարին հատկանշական է՝ Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի։
Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են:
Ռուսաստանն առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար»-ասված է ուղերձում։