ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24 News
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Գևորգ Երիցյանն ու Էդգար Մկրտչյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00--ՍԳ