ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանը՝ Պետական դուման, երեքշաբթի տեղի ունեցած պատգամավորների մեծամասնությամբ կողմ քվեարկությամբ դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նման օրինագիծ Պետդումայի օրակարգ էր մտել Կոմունիստական կուսակցության խմբակցության առաջարկով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ։ Արևմտյան երկրներն ու Կիևը միաբերան պնդում են, որ Մոսկվան ռազմական գործողություններ է նախապատրաստում ընդդեմ Ուկրաինայի։
ՌԴ-ում, սակայն, կտրականապես հերքում են այդ հայտարարությունները՝ նշելով, որ Արևմուտքը զբաղված է տեղեկատվական ահաբեկչությամբ, հավելելով, որ պաշտոնական Կիևն է նախապատրաստում ռազմական գործողություններ Դոնբասում՝ ընդդեմ Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների։
Վերջին մի քանի օրվա ընթացքում արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում և ԱՄՆ-ն, կոչ են արել իրենց քաղաքացիներին անմիջապես լքել Ուկրաինայի տարածքը, ինչպես նաև էվակուացրել են տեղում աշխատող դիվանագետների մեծ մասին և նրանց ընտանիքներին։
--00--ԿԿ