ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը՝ ռուսական կողմի պահանջները կատարելու դեպքում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել են Կրեմլում, «գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը պետք է լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարևոր է ռազմական գործողությունների դադարեցման համար»։
Պուտինը նաև Մակրոնին մատնանշել է, որ Կիևը չի կատարել հումանիտար միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները։
Քննարկվել է նաև բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանման հարցը։
Պուտինը նաև ասել է, որ Զապորոժյեի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպը «ուկրաինական արմատականների ցինիկ քարոզչական արշավի տարր է»։
--00--ՍԳ