ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Меtа Platforms ընկերությունը, որին պատկանում են Facebook և Instagram սոցիալական ցանցերը, փոխել է իր քաղաքականությունը, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը մոսկովյան դատարանում, որտեղ քննվում էր ծայրահեղական գաղափարներ տարածելու համար Меtа-ի գործունեությունը Ռուսաստանում արգելելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը։
«Меtа-ն հրապարակային քննարկումներից հետո փոխել է իր դիրքորոշումը և հայտարարում է, որ անընդունելի է համարում ռուսաֆոբիան ու բռնության կոչերն՝ ընդդեմ ՌԴ քաղաքացիների»,- դատարանում ասել է ընկերության ներկայացուցիչը։
Меtа-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ սոցցանցից աշխարհում օգտվում է 2 միլիարդից ավելի մարդ, և միլիոնավոր ռուս օգտատերերի ներկայությունն այդ ընդհանուր հարթակում մեծ ու կարևոր գործոն է՝ ինչպես սոցիալական շփման, այնպես էլ բիզնես և տնտեսական գործունեության տեսանկյունից։
Այնուհանդերձ, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, դատարանը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունում արգելել Facebook և Instagram սոցիալական ցանցերի գործունեությունը՝ դրանց կողմից ծայրահեղական գաղափարներ տարածելու հիմքով։
Меtа-ի գործունեությունն արգելելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում՝ հրապարակման պահից սկսած։
--00--ՀԶ