Աշխատանքային խորհրդակցություն Քննչական կոմիտեում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

 

ղզցղզց

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

 

Օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է  ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

 

Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել նաև տվյալ ստորաբաժանումում քննված քրեական գործերի հարուցման ուղղություններին, ինչպես նաև վերլուծել նախաքննության կազմակերպման արդյունավետությանը վերաբերող որոշակի ցուցանիշներ, խոսել ուսումնասիրության ընթացքում արձանագրված խնդիրների, բացթողումների և թերացումների մասին:

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդրահարույց երևույթներն ապագայում բացառելուն ուղղված մի շարք առաջարկություններ և նկատառումներ:

 

Օրակարգային հաջորդ հարցով Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը վերլուծել է նաև Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների եռամսյակային գործունեության արդյունքները՝ վերջիններս համեմատելով նախորդող տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է ուսումնասիրությունների և վերլուծական աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքում բարձրանում է կառույցի գործունեության արդյունավետությունը:

 

Կոմիտեի նախագահը հանձնարարել է, որ երկամսյա ժամկետում շտկվեն ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում և բաժիններում արձանագրված խնդիրներն ու համապատասխան գործընթացներ ծավալվեն աշխատանքային խմբի կողմից բարձրացված առաջարկությունների ապահովման մասով:

 

Խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Կոմիտեի այլ ստորաբաժանումներում  նախատեսվող համանման ուսումնասիրությունների ժամանակացույցին և ընթացակարգային մի շարք հարցերի ևս:

--00--ՍԳ