ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վաղը քննության առարկա կդարձնի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու համար քրեական գործ հարուցելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Վաղը՝ 22.04.2022թ. ժամը 10:10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում տեղի կունենա դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը դատախազության կողմից չքննարկելու դեմ ներկայացված բողոքի քննությունը։ Նիստը դռնբաց է»,- նշել է փաստաբանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու հատկանիշներով: Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դատախազությունն ընդամենը գրությամբ է պատասխանել՝ նշելով, թե հաղորդում անունով դիմումը նույնիսկ հանցագործության մասին տեղեկություններ չի պարունակում: Մինչդեռ փաստաբանները նշել էին թե հոդվածը, թե արարքը, թե տարրերը:
--00--ԱՀ