ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

զախարովա

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդակներ չեն հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը «փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից»:

«Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝  յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)։

Այս համատեքստում վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը հետևողականորեն կյանքի կոչելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները: Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,- ասվում է Զախարովայի պատասխանում։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

--00--ԱՀ