ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է Figaro թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ Լե Պենը հաստատել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին Պա դե Կալե հյուսիսային դեպարտամենտից իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը 2017 թվականից Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվելուց հետո Մակրոնը ստացել է ձայների 58,54 տոկոսը, Լե Պենը՝ 41,64 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
--00--ՀԶ