ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 37-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները։ 55-ամյա մի տղամարդ ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք։
Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 65-ամյա մի տղամարդ բաժին էր բերել 30 տուփ ինքնաձիգի փամփուշտ ու պայթուցիչով նռնակ: Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00--ՀԶ