Գյուղապետը համոզել ա, որ հենց Նիկոլը գյուղը հանձնի՝ բոլորին ամենաքիչը Իջևանում տուն են տալու

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

1055305.jpg



Խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընկերներիս հետ այցելեցինք Տավուշի մարզի Ազատամուտ համայնք: Այդ համայնքն ըստ այդ ժամանակ ստացված տեղեկությունների իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը.

«Մեր գալու մասին նախապես հասցրել էր իմանալ Ազատամուտի նորանշանակ համայնքապետը և հասցրել էր մի լավ նախապատրաստվել մեր այցին: Մասնավորապես մեր առաջին կանգառի վայրում հավաքել էր շուրջ 10 քաղաքացու որոնք պետք է մեզ ասեին, որ ամբողջ համայնքը Նիկոլի հետ է: Ազնիվ լինելու համար պետք է խոստովանեմ, որ համայնքապետին, որին ես գյուղապետ ասեցի ու ինքը խիստ վիրավորվեց դրանից, հաջողվեց մեր տրամադրությունը փչացնել: Բայց, այնուամենայնիվ, մենք հասցրեցինք բնակիչների հետ շփվելը:

Այդ ընթացքում մոտ 70 տարեկան մի մարդ մոտեցավ ինձ ու ասեց. տղա ջան, հլը ասա տեսնեմ էս մեր գյուղն էլ են տալո՞ւ: Մի պահ քարացա: Չգիտեի ինչպես տանտիրոջն ասեմ, որ իր տունը ամենայն հավանականությամբ իշխանությունը թշնամուն է նվիրելու: Մեջս ուժ գտա և ասեցի՝ «Հայրիկ ջան, ըստ բավականին լուրջ տեղեկությունների մտավախություն ունենք, որ այո, եթե թողնենք ձեր համայնքն էլ կհանձնեն թշնամում»: Այդ մարդը շատ թեթև ասեց՝ «է՜ տղա ջան, դե ասա դուք ստեղ ընտրվելու շանս հեչ չունեք»:

Զարմացած հարցրեցի, թե ինչո՞ւ:

«Որովհետև, տղա ջան, էս մեր թազա ջահել գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի՝ սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու»- ասած հայրիկը, քթի տակ հայհոյեց, կախեց գլուխն ու հեռացավ:

Ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում Նիկոլ Փաշինյանը ստացավ 60 տոկոսից ավելի քվե:

Հ.Գ. Այսօր ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հ.Գ.2. Վայոց Ձորի մարզ, գյուղ Ելփին

21.06.2021թ.

ՔՊ - 383

Հայաստան դաշինք - 57

Պատիվ ունեմ դաշինք - 10»,-գրել է նա:



--00--ԶՀ