ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վերջին բնակիչը գյուղից դուրս է եկել օգոստոսի 21-ին։ 24News-ին իր ունեցած տեղեկությունները հայտնեց հասարակական գործիչ, կինոռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության հիմնադիր Արշակ Զաքարյանը։
Զաքարյանն ասաց, որ մինչեւ 19-20-ը Աղվանոյում է եղել. «Այն ժամանակ, որ Աղավնոյում էինք, խաչքարերը, մշակութային արժեքները, որոնք կարող էին պղծվել, ոչնչացվել թուրքերի կողմից որպես հայկական հետք, մարդիկ հանում էին գյուղից, այդ թվում՝ եկեղեցու խաչերը, հայտնի քանդակները և այլն։ Ես գիտեմ, որ կամավորներ կային, հատուկ այդ ամեն ինչը հանելու համար»։
Հասարակական գործիչը նշեց, որ իր տեղեկություններով Աղավնոյի բնակիչներն իրենց հարազատների գերեզմանների արտաշիրիմում են արել և տեղափոխել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել է Հայաստան Արցախի կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԼՄ