Քաջարանում կին վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի ու ներկայացել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Նոյեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA  մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին, գրում է  shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն: 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդ Սուսաննա Ա.-ն փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք: 

Նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մահացած երեխան սովորում էր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: 

--00—ԼՄ