ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից Կարմիր ցուցակում ընդգրկված քարարծիվ է վիրավոր վիճակում տեղափոխվել «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
Ինչպես տեղեկանում է ԱԻՆ-ից, հունվարի 2-ին, ժամը 18:40-ի սահմանում, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:
Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:
Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թեւի հավանական հրազենային վնասվածք, հյուծված եւ ջրազրկված է։
Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում եւ գնահատվում է որպես խոցելի տեսակ։
--00--ԱՀ