ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Նոր օրենքի ընդունումից հետո սերտիֆիկատ չունեցող օծանելիքակոսմետիկական արտադրանքները, խաղալիքներն ու այլ ոչ պարենային արտադրատեսակները Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ենթակա կլինեն ամբողջական ոչնչացման: Շուկայի վերահսկողության մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ ընդգծելով, որ Տեսչական մարմինը որակի հետ կապված վերահսկողություն չի իրականացնում:
«Մենք բացառապես իրականացնում ենք արտադրանքի անվտանգության վերահսկողություն, որ խաղալիքը, մաքրող-լվացող միջոցները կամ օծանելիքակոսմետիկական արտադրանքները թունավոր չլինեն և մարդկանց, երեխաների առողջությանը վնաս չհասցնեն, իսկ ապրանքի անորակ լինելն արդեն կորոշեն քաղաքացիները:
Ոչ պարենային արտադրանքների ոլորտում Տեսչական մարմինն իրականացնում է երկու տեսակի վերահսկողություն` առաջինը անվտանգությունն է, երկրորդը՝ մակնշման ստուգումը: Նախ և առաջ ապրանքի վրա պետք է պարտադիր լինի հայերեն մակնշում, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչ են գնում, երկրորդը՝ անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխան լինեն»,-ասաց Կոտոլյանը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինները ստուգումներ իրականացնում են սպառման պահին: «Տեսուչները ստուգումների ընթացքում գնում և տնտեսվարողից պահանջում են իրացվող արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկատը, ինչը նշանակում է, որ տնտեսվարողը տվյալ ապրանքը մինչև վաճառքի հանելը ուղարկել է որևէ հավատարմագրված լաբորատորիա, որտեղ փորձաքննությունը հաստատել է, որ տվյալ արտադրանքն անվտանգ է»,- ասաց նա:
Ըստ Կոտոլյանի՝ համապատասխան սերտիֆիկատ չունենալու դեպքում նման տնտեսվարողները առաջնային տուգանվում են 100-300 հազար դրամի չափով, այնուհետև նշանակվում է ժամկետ, որ դիմեն լաբորատորիա՝ այն ձեռք բերելու նպատակով: Սերտիֆիկատի առկայության դեպքում նոր վաճառքը շարունակելու թույլտվություն են ստանում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ