ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
2023 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։
Ավագանու 21 անդամից նիստին ներկա էր 13-ը․ քվորումն ապահովված էր։ Օրակարգում 2 հարց էր, ավագանու անդամները կողմ քվեարկեցին դրանց։
Նիստը վարում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Համայնքի ղեկավարը նախ նշեց, թե որն էր արտահերթ նիստ հրավիրելու նպատակը։
Մասնավորապես ասաց, որ ներկա պահին քաղաքը լայնածավալ շինաշխատանքների մեջ է, եղանակային պայմանները թույլ են տալիս, որպեսզի գործն առաջ ընթանա:
Շինաշխատանքների վճարման համար անհրաժեշտ էր հաստատել համայնքի բյուջեի ֆոնդային մասը, որն ավագանու գործառույթն է, ինչի համար էլ արտահերթ նիստ էր գումարվել։
Այնուհետև Առուշ Առուշանյանը ներկայացրեց արտահերթ նիստի օրակարգը, որը զեկուցեց ֆինանսատնտեսական ու եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանը։
Եվ այսպես՝
Օրակարգի առաջին հարցը Գորիս համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն էր վերաբերում։
Համայնքի ավագանին 12 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ հաստատեց 2022-ի բյուջեի կատարողականը։ Ներկայացվեց բյուջեի ծախսերը և եկամտային մասը։
Ընդհանուր եկամուտներն ավել են կատարվել 7,1%-ով, իսկ միայն սեփական եկամուտները՝ շուրջ 35%-ով։ Ծախսային մասը պակաս է կատարվել 10,5 %-ով, ինչի արդյունքում 2022-ի Գորիս համայնքի բյուջեում որպես չօգտագործված եկամուտ մնացել է շուրջ 205 միլիոն դրամ, այն տեղափոխվել է 2023 թվականի բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծրագրերի ֆինանսավորման համար։
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր 2023 թվականի ազատ մնացորդի և համայնքի բյուջեի ֆոնդային մասով պլանավորվող ցուցանիշներին։
Բյուջեի ֆոնդային մասը պլանավորվել է շուրջ 2 միլիարդ դրամի չափով, որի մեջ ամենամեծ ծախսային հոդվածը ճանապարհաշինարարությանն էր վերաբերում. 1.5 միլիարդ դրամ։
Ծախսային հոդվածում մեծ թիվ է կազմում նուհերի կապիտալ նորոգման համար նախատեսված գումարը՝ շուջ 300 միլիոն դրամ, նաև ջրամատակարարման հետ կապված ծախսերը՝ շուրջ 150 միլիոն դրամի չափով։
--00—ՅՄ