ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Արցախում խորը ձմեռ է, սարսափելի ցուրտ, ջեռուցման հնարավորությունից զրկված ենք բնակարաններում, դպրոցները փակ են, չեն աշխատում, երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից ու հնարավորությունից։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մոտ 2 ամիս Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած իրավիճակին։
«Առաջին օգտագործման ապրանքները դեռևս բավարարում են։ Բանջարեղեն, միրգ չկա, նույնիսկ առաջին օգտագործման ապրանքները խիստ սահմանափակ են։ Սակայն սա խուճապի առիթ չէ Արցախում, բոլորը գիտակցում են, որ սա պատերազմ է, պայքար է հանուն Արցախի։ Նեղվել այս իրավիճակում չի կարելի, դա պարտություն կնշանակի։ Սակայն հնարավոր չէ նկարագրել, թե ինչ վիճակ է Արցախում, նկարագրելով չեք կարող պատկերացնել»,- ընդգծեց արցախցի պատգամավորը։
Հակոբյանն ասաց, որ վստահ է՝ միջանցքը բացելու վերաբերյալ բանակցություններ չկան․ «Որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող, որովհետև Ադրբեջանը հակված չէ բանակցությունների, ինքն այլևս պահանջներ էլ չունի։ Որևէ բան չի պահանջում։ Քաղաքական առումով հասկանալի է միջանցքը փակելու՝ Ադրբեջանի նպատակը, բայց գլոբալ առումով՝ ոչ»։
Անդրադառնալով առաջին օգտագործման ապրանքների փոխանցմանը՝ «Արդարություն» խմբակցության պատգամավորն ասաց, որ ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահների միջոցով դրանք հասնում են Արցախ։ «Նաև բարերաների միջոցներով է օգնություն փոխանցվում, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից է օգնություն տրամադրվել, բայց դրանք էլ են սահմափակ, առաջին օգտագործման ապրանքներ են»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ