ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Արցախի շարունակվող շրջափակման ընթացքում առաջացած խնդիրները չեն շրջանցել նաև Անահիտենց ընտանիքը: 42 տարեկան Անահիտ Բաբայանը մեզ հետ զրույցում պատմում է, որ միայնակ մայր է. ամուսինը՝ Արմեն Բաբայանը, զոհվել է 2014թ․ օգոստոսի 8-ին Մարտակերտի շրջանի Տոնաշենի դիրքերում։ Ունի 6 երեխա, երեխաներից մեկը՝ 7 տարեկան Էրիկը, հաշմանդամ է։ Թե ինչ անմարդկային դժվարությունների է հանդիպել մեր հերոսուհին, խոսքերով դժվար է բացատրել։
3 ուսանողները չէին հաճախում համալսարան, քանի որ գազամատակարարման բացակայության պատճառով դասապրոցեսներն ընդհատված էին, դպրոցահասակ երեխաներն էլ չէին հաճախում կրթօջախ, իսկ հաշմանդամ Էրիկը, ով տնային ուսուցում է ստանում, այդ ընթացքում, նույնպես, չէր կրթվում։ «Դեռ շրջափակման սկզբնական շրջանում մեզ համար
Մի անգամ որոշեցի գնալ գյուղ, որ ուտելիք բերեմ, մեքենայի վառելիքի վերջանալու պատճառով մնացի 3 օր գյուղում։ Շրջափակման հետևանքով Արցախում դիզվառելիքի ու բենզինի խնդիր էլ կա։ Դա իմ պարագայում շատ անտանելի է, քանի որ Էրիկը երբեք առանց ինձ չի մնացել, որովհետև իր կարիքները հոգում է տակդիրներում։ Խոսում եմ, և սիրտս էլի թրթռում է, թե ինչպես են քույրերը հոգ տարել իրենց եղբոր մասին, ով քաշով ծանր երեխա է», -պատնում է Անահիտը։
Որպես մայր՝ Անահիտին ամենից շատը տանջում էր այն հանգամանքը, որ Էրիկը նայում էր պատուհանից դուրս ու տեսնում խաղացող երեխաների, լացակումած աչքերով մայրիկին խնդրում՝ իրեն էլ իջեցնել բակ, որ գոնե բակում կարողանա երեխաների խաղին հետևել։ Մի օր, երբ արևային եղանակ էր, Էրիկը շատ խնդրեց, որ գոնե իջեցնեն իրեն իններորդ հարկի պատշգամբ,որը ամբողջ շենքում միակն է, (իրենք բնակվում են 10-րդ հարկում),որպեսզի կարողանա լիաթոք շնչել՝ ինչպես ինքն է ասում ։ «Մի օրով վերելակը կարգավորվեց ու Էրիկին վերջապես կարողացանք իջեցնել բակ, երկու ժամ ընկերների հետ ժամանակը վայելելուց հետո, երեխան նայեց ժամին ու տխուր հայացքով խնդրեց իրեն բարձրացնել տուն, որովհետև լույսերի անջատվելու ժամն էր, ու վերելակը էլ չէր աշխատելու», -ասաց զրուցակիցս։
Անահիտը, շարունակելով խոսքը, պատմեց, որ շրջափակման առաջին օրերին իր համար շատ դժվար էր ընտանիքի համար ուտելիք հայթհայթելը։ Հաճախ երկարատև հերթեր կանգնելուց հետո դատարկաձեռն և հուսահատված էր վերադառնում տուն։ «Քանի անգամ է եղել, որ գալիս էի տուն, նայում երեխաներիս, ովքեր նայում էին դատարկ ձեռքիս, մտնում էի սենյակ և անճարությունից արտասվում, որ երեխաներս հանկարծ չտեսնեն։ Ամառվա ընթացքում իմ պատրաստած պահածոների շնորհիվ կարողացանք այդ դաժան պահը մի կերպ հաղթահարել, մինչև մեզ տրամադրեցին կտրոններ, որից հետո մի փոքր թեթևացավ այս բեռը»,-հավելել է Անահիտը։ Բայց ամենից դժվարը այդ ընթացքում Էրիկի համար անհրաժեշտ տակդիրներ ձեռք բերելն էր։ Ճիշտ է, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը տրամադրում էր 30 տակդիր, բայց դա շատ քիչ էր նրա համար։
Մինչ շրջափակումը այդ 30 տակդիրի հետ մեկտեղ գնում էին ևս մի 60 հատ։ «Այդ սուղ պայմաններում խնդրում էի մարդկանց, որ գոնե Ասկերանի շրջանի դեղատներից կարողանային գնել, քանզի այդ մեծ համարի տակդիրները դեռ ամբողջությամբ չէր սպառվել։ Բենզինի և հեղուկ գազի բացակայության պայմաններում էրիկին չէի կարողանում նաև տանել Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ իր համար նախատեսված մարզումներին», - նշում է Անահիտը։ Գազամատակարարման խափանման պայմաններում տունը ջեռուցում էին լույսով, լույսերի հաճախակի անջատումների պարագայում գրեթե անհնարին էր դառնում տան ջերմաստիճանը գոնե մի փոքր նորմային մոտիկ հասցնելը։
Փայտի վառարանի համար էլ դիմել են, բայց դեռ պատասխան չեն ստացել։ Անահիտը ամաչելով ասում է, որ չի աշխատում, Էրիկին միայնակ չի կարող թողնել․ նրանց ընտանիքի միակ եկամուտը երեխաներին տրամադրվող նպաստներն են ու որպես զոհվածի կին իրեն հասնող 30 հազար դրամական օգնությունը, էրիկին՝ որպես հաշմանդամ տրամադրվող 40հազար դրամը։ Մնացած երեխաներն էլ հիմականում բողոքում են նրանից, որ զրկված են կրթության իրավունքից, որն, ըստ իրենց, ամենից դժվարն է, քանզի ունեն երազանքներ, որոնք պետք է իրագործեն միայն լավ ուսում ստանալու պարագայում։
Անահիտը վերջում ավելացրեց, որ ինքը իր երեխաների հետ մնալու է Արցախում, մտադրություն չունի իր հայրենիքը լքելու, քանզի իրա ամուսինը զոհվել է, որ իր երեխաները կարողանան ապրել հայրենի հողում։ «Պայքարելու ենք հանուն մեր Արցախի, ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, կարևորը արդյունքը դրական լինի», -այս խոսքերով էլ ավարտեցինք մեր զրույցը։
--00—ԶՀ