Հրաշքով ենք փրկվել մահից. ՏԿԵՆ-ը, ճանապարհն սպասարկող ընկերությունը պետք է պատասխանատվություն կրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

Լրագրող Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել օրերս տեղի ունեցած ավտովթարից: 

«Օրեր առաջ ես և ընկերս՝ Երվանդ Հակոբյանը, ավտովթարից տուժել ենք և պարզապես հրաշքով ենք փրկվել մահից կամ հաշմանդամությունից:

Վթարի մասին տեսանյութերում ու լուսանկարներում հավանաբար տեսել եք Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոճանապարհի այդ հատվածում` Բենիամին գյուղի վարչական տարածքում, առկա սարսափելի խոր փոսերը:

Վթարին հաջորդած ժամերին հարյուրավոր վարորդներ, որոնք երթևեկում էին այդ հատվածով, մեզ պատմեցին, որ հենց այդտեղ իրենք էլ են հազիվ փրկվել մահից, և կամ իրենց մեքենաները մի լավ վնասել են: Նրանցից որևէ մեկը որևէ փոխհատուցում չի ստացել: Չնայած համառ ջանքերիս՝ չեն փոխհատուցելու նաև ինձ, այն դեպքում, երբ սահմանված արագությամբ երթևեկելիս խոր փոսն ընկնելու, մեքենայի անվադողն ու անվահեծը վնասելու, ապա վթարային իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու` մեքենաս ոչ թե դեպի հանդիպակաց գոտի կամ մոտակա ձորակը, այլ դեպի բետոնե արգելապատնեշ ուղղորդելու և այդպիսով կոշտ կանգառ կատարելու պատճառով, նախնական հաշվումներով, մոտ երկու միլիոն դրամի նյութական վնաս եմ կրել` շարժիչի վնասումից սկսած:

Հնարավոր փոխհատուցման միակ օղակը դատականն է, որը ձգվում է տարիներով, խիստ ռեսուրսատար է և, որպես կանոն, անարդյունավետ: Հայաստանում նման աղետաբեր հատվածները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շատ են: Պետք է կանխել այս մահաբեր ընթացքը:

Ես հրապարակավ խնդրում եմ իմ բոլոր գործընկեր խմբագիրներին ու լրագրողներին, հասարակական գործիչներին ու կարծիքի առաջնորդներին անդրադառնալ այս թեմային, կանխել մեր հազարավոր քաղաքացիների գլխին կախված վտանգը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, նրան ենթակա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը, և կոնկրետ այս դեպքում` ճանապարհն սպասարկող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, պետք է նյութական և բարոյական պատասխանատվություն կրեն իմ և այլոց հետ տեղի ունեցած նման միջադեպերի համար»,- գրել է Սարգսյանը:

--00—ԼՄ