ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Hetq-ը գրում է․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։ Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար:
Համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին, որի համար հիմք է հանդիսացել ՊԵԿ ղեկավարի, Արմավիրի մարզպետի գրությունները և համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի առաջարկությունը: Ավագանու որոշումից հետո կողմերի միջև պետք է կնքվի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Մեծամորի համայնքապետի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ավագանին ինչ նպատակով է համայնքային սեփականության գույքը նվիրատվության կարգով տվել ՊԵԿ-ին:
Փոխքաղաքապետը նպատակի վերաբերյալ տեղեկություններ չուներ, խորհուրդ տվեց ճշտել ՊԵԿ-ից: Միայն նշեց, որ նշված շենք-շինությունները, դրանց սպասարկող հողամասերը նախկինում պատկանել են պետությանը, վերջին տարիներին է փոխանցվել համայնքին, այժմ պետությունը դարձյալ իր գույքը հետ է վերցնում:
Նշենք, որ Էդգար Հովհաննիսյանը, որպես ավագանու անդամ, կողմ է քվեարկել այդ որոշմանը՝ չիմանալով, թե ինչ նպատակով է համայնքային գույքը փոխանցվում ՊԵԿ-ին: Որոշման օգտին քվեարկել է ավագանու 20 անդամ, դեմ՝ 0:
Արմավիրի մարզպետարանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ բովանդակություն է ունեցել մարզպետի գրությունը և ինչ նպատակով են գույքերը փոխանցվել ՊԵԿ-ին: Լրատվության բաժնից փոխանցեցին, որ մարզպետի գրությունը վերաբերել է համայնքի բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքներ հատկացնելուն։
Իրականում լրիվ այլ նպատակով են անշարժ գույքերը փոխանցվել ՊԵԿ-ին, և այն կապ չունի բժշկական հաստատությունների կառուցման հետ, ինչպես փոխանցում են մարզպետարանից:
ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Արմավիրի մարզի «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով է ՊԵԿ-ը դիմել Մեծամորի համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքերն ու հողամասը ՊԵԿ-ին հանձնելու համար:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ