ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, որոնց կազմում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ստրասբուրգում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից:
Քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների չափորոշիչների կիրարկման, ինչպես նաև ոլորտային շարունակական բարեփոխումների համատեքստում ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաքելությանը, գործունեության առաջնահերթություններին, ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
ՔԿ-ից հիշեցնում են, որ պատվիրակության անդամների այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Այն ուղղված է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմի գործարկմանն աջակցություն ցուցաբերելուն և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև միջգերատեսչական հանձնաժողովի անդամների միջև երկխոսության, քննարկումների խթանմանը։
--00—ՅՄ