254 մլն դրամ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

timthumb.jpg

2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ:

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով: Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` 177 մլն դրամը կտրամադրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 3 համերգների կազմակերպմանն ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում, իսկ 77 մլն դրամը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը Ֆրանսիայում (2 ներկայացում):

Նշենք, որ մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և այլն: Մասնավորապես՝

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 170-Ն որոշմամբ արդեն իսկ հատկացվել է գումար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հյուրախաղերի իրականացման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի դրամաշնորհային մրցութային ծրագրերով նախատեսված են՝

- «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոն» Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն,

- «Արամ Խաչատրյան-120» նախագիծ ( Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց

2023 թվականի բյուջեով նախատեսված է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 19-րդ մրցույթը ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հատկացումների հաշվին նախատեսվում են՝

- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Վրաստանում,

- «Խաչատրյան» եռյակի հյուրախաղերն արտերկրում (Իտալիա, Արգենտինա, ՍԾՏՀ երկրներ, ՌԴ, Հունաստան, Լեհաստան, Չինաստան, Մոնակո),

- Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակում (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),

-Հոբելյանական համերգ, Գյումրի և Կապան քաղաքներում մարզային երկու համերգ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնասկավառակ-տեսաբացիկներ (Ա. Խաչատրյանի մասին ավագ դասախոսների հուշերի և ուսանողների կատարումների տեսաձայնագրություններ), ուսանողական միջբուհական գիտաժողով (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա),

- «Արամ Խաչատրյան-120» գիտահանրամատչելի ալբոմ (անգլերեն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),

- Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգային հյուրախաղերն ԱՄՆ-ում (Կամերային երաժշտության ազգային կենտրոն),

- «Արամ Խաչատրյան 120» առցանց ռադիո նախագիծ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա),

- «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված տեսաֆիլմի պատրաստում և հեռարձակում ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ),

-բրիտանացի ջութակահար Արաբելլա Շտայնբախերի երևանյան համերգ («Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ):

Ծրագրում ներառված են հանրապետության առաջատար պետական կոլեկտիվները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Խաչատրյան եռյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որոնք համերգներով հանդես կգան արտերկրում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Ռուսաստան, Վրաստան և այլն):

Այսպիսով՝ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի արտերկրում մեծանուն կոմպոզիտորի և նրա թողած անգնահատելի ժառանգության վերարժևորմանը և հանրահռչակմանը:

--00—ԶՀ