ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում մասնակցեցի «Պետական քաղաքականության դերը ԶԼՄ-ներում կանանց ոչ կարծրատիպային կերպարի ձևավորման հարցում» քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․
«Խոսեցի քաղաքական գործընթացներում, պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածության, նրանց թիրախավորման և մոտիվացիայի լրջագույն խնդիրների, նշված հարցերում զանգվածային լրատվամիջոցների դերի մասին։
Նշեցի, որ կանայք հաճախ թիրախավորվում են հենց կին լինելու, ինչպես նաև իրենց արտաքինի, խոսքի համար, մինչդեռ նույն խոսքը կարող է ասել տղամարդը և այլ ընկալում կունենա քարոզչական դաշտում։
Ընդգծեցի, որ պետք է կարողանանք գտնել հնարավոր այն բանալիները, որ կանայք չվախենան մտնել քաղաքականություն, պետական համակարգ։
Հ․Գ․ Շնորհակալ եմ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին և Օքսեջեն հիմնադրամին միջոցառման կազմակերպման համար», - գրել է նա։
--00—ՍՊ