Երևանում բացվեց Հովհաննես Բաղրամյանին նվիրված թանգարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

,

Հայրենական մեծ պատերազմում տարած Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայաստանի վետերանների միավորման շենքում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված թանգարան ու «Արմենպրես»-ի լուսանկարների ցուցահանդեսը:

Փետրվարի 23-ին ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացմանը նվիրված հանդիսավոր միջոցառման ներկաները նախ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի և ղարաբաղյան պատերազմների զոհերի հիշատակին:

Բացման խոսքում մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը, ներկայացնելով մարշալի մեծ ներդրումը Հայերնական մեծ պատերազմում տարած հաղթանակում և մի շարք խոշորագույն մարտական օպերացիաների կազմակերպման գործում, նշեց, որ հայ մեծանուն մարշալին նվիրված թանգարանային անկյան ստեղծումն իրենց պարտքն էր:

«Բացելով Հովհաննես Բաղրամյանի անվան մարտական փառքի թանգարանը` մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում հարյուր հազարավոր հայ մարտիկներին, որոնք ուս-ուսի մարտնչել են մյուս ժողովուրդների կողքին»,-ընդգծեց Եսայանը։

Թանգարան-կենտրոնում ներկայացված են մարշալի կյանքի տարբեր փուլերի դրվագներն արտացոլող անձնական իրեր, պարգևներ, լուսանկարներ: 

--00--ԱՀ