Ուրուգվայում ՀՀ դեսպանություն կբացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

3-20

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կբացվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հարցն ընդգրկված էր չզեկուցվողների շարքում։

Նախագծում նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականի բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որն ապահովվել է:

Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է նաև Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառներում:

«Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում և Բրազիլիայում, և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում»,- ասվում է նախագծում:

--00—ՅՄ