ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news
Հակոբ Արշակյանն անդրադարձել է՝ Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի մտահոգությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովից:
«ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ»:
--00—ՅՄ