Վեհափառը խոսել է Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

371935859_628308966090961_4127668612418203268_n

Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ժամանած Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ հոգևորականների՝ գլխավորությամբ Վատիկանի քրիստոնեական միության խրախուսման հանձնախմբի Արևելյան եկեղեցիների բաժնի քարտուղար Հայր Հիակինթոս Դեստիվելի։

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց վերջիններիս։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ փոխհարաբերություններին և արդյունավոր համագործակցությանը:

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա ծանր իրավիճակին, մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարուկավող ոտնձգություններին և Արցախի ամբողջական շրջափակմանը, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետի առջև։ Հայոց Հովվապետը խոսեց նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառնգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության մասին։

Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ, քրիստոնեական զորեղ հավատքի և բարեկամ երկրների շնորհիվ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։

Իր հերթին Հայր Հիակինթոս Դեստիվելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց կաթոլիկ հոգևորականների խմբի Հայաստան և Մայր Աթոռ կատարած ճանաչողական այցի մանրամասների վերաբերյալ։

--00—ՅՄ