ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ մինչ այդ Արևմուտքի քայլերը միայն վատթարացնում են իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպմանը, որին չի մասնակցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք շահագրգռված ենք նաև Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ։ Այդ նպատակով Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ նրանց միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, սահմանների սահմանազատմամբ, տրանսպորտային հաղորդակցությունների բացմամբ»,-ասել է նա։
Նա հավելել է, որ արևմտյան երկրների գործողությունները «հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»։
--00—ՅՄ