ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Որքանո՞վ է հավանական, որ վաղը Վերաքննիչ դատարանը կփոխի Նարեկ Մալյանի խափանման միջոցը։ Թեմայի շուրջ Tert.am-ի հարցին պատասխանել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
-Պարոն Մելիքյան, տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է տեսակետ, թե հնարավոր է, որ դեկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը փոխի Նարեկ Մալյանի խափանման միջոցը: Ինչքանո՞վ եք հիմնավոր համարում այդ տեսակետը:
-Նախ, նշեմ, որ Նարեկ Մալյանի կալանքի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է. նրա նկատմամբ կիրառված կալանքն ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և նախորդ բողոքարկման ժամանակ վերաքննիչ դատարանը երեք հիմքերից մեկը՝ փախուստի ռիսկը հանել է։ Մնացած երկուսից մեկը՝ իր պարտականությունները չկատարելու ռիսկը, հանել է ներկայումս գործը քննող առաջին ատյանի դատարանը։ Այս «դինամիկան» հաշվի առնելով՝ չեմ կարող բացառել, որ մնացած վերջին հիմքը՝ հանցանք գործելու ռիսկը, նույնպես կհանվի։ Սա՝ մեկ։
Երկրորդը, նույն օրը՝ դեկտեմբերի 22-ին մենք ունենք դատական նիստ նաև առաջին ատյանում, և այդ օրը հավանաբար կավարտենք ապացույցների հետազոտման առաջին շրջանը։ Ուստի հնարավոր է՝ այդ կապակցությամբ ներկայացնենք կալանքի հարցը վերստին քննելու միջնորդություն նաև առաջին ատյանում։
Ինչ վերաբերում է իմ անձնական ակնկալիքներին, ապա այս պահին չէի ցանկանա այդ մասին խոսել։
--00--ԼՀ