ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների հարցերի։
Հարցին՝ ինչպե՞ս է դիմավորել Ամանորը բանտախցում, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ամանորը ընտանեկան առիթ է, եւ թեպետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով եւ անբարոյականության պատճառով արդեն 7 ամիս է, ինչ ընտանիքիս կողքին չեմ, այնուամենայնիվ միայն ֆիզիկապես եմ եղել բանտախցում։ Հոգով, մտքով, սրտով թե՛ այդ օրը, թե՛ Սուրբ Ծնունդը անցկացրել եմ երեխաներիս կողքին, ընտանիքիս հետ։ Սեղանին եղել է մի փոքր քանակի միրգ, քաղցրավենիք, չրեղեն։ Հեռուստացույցով լսել եմ Վեհափառ Հայրապետի խոսքը։ Անմիջապես 12-րդ զարկից հետո աղոթել եմ իմ ընտանիքի եւ իմ Հայրենիքի համար։ Շնորհավորել եմ հարկում հերթապահություն իրականացնող հսկիչներին»։
Հարցին՝ Փաշինյանն ազատել է աշխատանքից Լոռու մարզպետին, առհասարակ նա խառն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ, Աշոտյանը պատասխանել է. «Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում ասած, այդքան ստորություններ եւ մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած՝ «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը նախեւառաջ իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաեւ ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսեւորում է «քաղաքական կենսունակության» ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա»։
Հարցին՝ արդյոք կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ եթե լինեն, ՀՀԿ-ն կմասնակցի՞,Աշոտյանն այսպիսի պատասխան է տվել. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թվականի խորհրդարանական արտահերթի դեպքում։ Գիտեմ, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել դեռ։ Կարծում եմ՝ իմ կուսակցության կայացրած որոշումը մի շարք սկզբունքային հարցերից է կախված լինելու, որոնցից կարեւորագույնը հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունն է։ Պարզապես Խորհրդարանում հայտնվելը, ինչը Հանրապետականի` որպես քաղաքական դաշտի առաջատարներից մեկի համար, կարեւոր խնդիր է, չի կարող լինել միակ հիմնավորումը մասնակցության համար։ Հնարավոր արտահերթի դեպքում կարիք կլինի հստակեցնել մեր պոտենցիալ մասնակցության նպատակները եւ առաքելությունը»:
--00—ՅՄ